Լիզա

Լիզային բոլորն են սիրում: Նրա աննկարագրելի գեղեցկությունը, մանկական թովիչ ժպիտն ու միամիտ հավատքը բոլորին ստիպում էր սիրով լցվել:

Երկար ոսկե մազեր ուներ, գեղեցիկ խոշոր աչքեր, անսահման նրբություն ու մանկական այն կոկետությունը, որ ժպիտ է շարժում:

Լիզան ծնվել է 2007 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ օրը բոլորի տանը միայն ժպիտ է, ուրախություն, նրբորեն տարածվում է գազօջախից նոր հանված թխվածքի անուշ բույրը՝ խաղաղության զգացում պատճառելով:

Այդ օրը իրենց ընտանիքում մեծ ուրախություն էր: Ծնվել էր այդքան երկար սպասված փոքրիկը, այդ տան ուրախությունն ու երջանկությունը:

Աշխույժ ու կենսախինդ բալիկ էր, երբ հեծանիվ էր նստում, այնքան արագ էր քշում, որ մայրը հազիվ էր հասցնում վազել ու բռնել, շատ էր վախենում, որ կընկնի: Իսկ Լիզան դեռ աշխարհն էր ուզում բացահայտել: Երկար նայում էր իրենց այգու ծաղիկներին, հողի հետ էր խաղում, վազվզում տարեկիցների հետ ու ժպտում, ժպտում:

Հինգ տարեկան էր, երբ մայիսին սկսել էր վատ զգալ, սրտխառնոց ունենալ ու թուլանալ: Ծնողներն անմիջապես բժշկի էին տարել: Ստուգել էին ու ասել. «Փորն է ցավում, կանցնի»: Մի քանի դեղ էին նշանակել ու անցել մյուս գործերին:

Մի քանի շաբաթ հետո, երբ հետազոտության ուղարկեցին, ամենասարսափելին եղավ: Լիզան քաղցկեղ ունի: Շտապ վիրահատում են, բայց բժիշկները հույս չեն տալիս, այն բուժում են Ռուսաստանում, բուժումն էլ տասնյակ հազարավոր դոլարներ արժի:

Ծնողները վաճառում են ինչ կարող են ու մեկնում Ռուսաստան: Լիզան այնքան քաջ է իրեն պահում: Չի տրտնջում, չի լացում, չի բողոքում, լուռ նայում է շուրջբոլորը ու փորձում հասկանալ, թե ինչ եղավ: Ծնողները տագնապի մեջ են, Լիզան հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ:  Մայրը  ասել էր, որ ոջիլ ունի, դրա համար էլ երկար մազերդ պետք է կտրենք: Լիզան էլ ոջիլին հիվանդության անունն էր տվել:

Լիզայի ծիծաղը կորել էր, բայց հավատքը՝ ոչ: Այդքան փոքրիկ էր, բայց այնքան աստվածավախ, ապշելու աստիճան: Օշականին մոտ էին ապրում ու հաճախ էր ծնողների հետ եկեղեցի գնում: Մոմ էր վառում ու անսահման հավատ ուներ «Աստված պապիկի» հանդեպ: Իրենց տան պատին էլ Աստվածամոր նկարն էր ու երբ հայրն ուզում  էր այդ նկարը բժիշկին նվիրել, թույլ չտվեց:

Մոսկվայի հիվանդանոցում փոքրիկ մատուռ կար: Ամեն օր խնդրում էր ծնողներին, որ գնան այնտեղ: Մի օր էլ, ճառագայթումից առաջ մեծ եկեղեցի էին գնացել: Հայրը գրկած երեխային տարել էր սրբապատկերի մոտ: Համբուրելիս կանթեղի յուղը թափվել էր փոքրիկի ձեռքին, որը հիվանդության պատճառով չէր կարողանում շարժել: Երբ տուն էին բերել, սկսել էր այդ ձեռքով նկարել: Մեծագույն հրաշք էին համարել ու կրկին խորը հավատով լցվել:

Մանավանդ, որ Լիզան այնքան ուժեղ էր, դիմանում էր բոլոր բուժումներին, քիմիաթերապիաներին: Բժիշկներն էլ էին զարմացած: Անգամ մեդալ էր ստացել  բժիշկների կողմից: Հայրն անընդհատ ասում էր՝ «Հաղթելու ենք»: Լիզան էլ էր կրկնում. «Հաղթելու ենք»:

Ծննդյան օրը հիվանդանոցում էր: Մեծ տոնածառ կար միջանցքում: Այնտեղ նստել էին ու լույսերին նայել: Լիզան էլ էր նվեր խնդրել՝ ծաղիկներ ու խոհանոցի կահույք: Հայրն անմիջապես գնել էր: Մանկական կոսմետիկա էր ուզել: Սիրում էր դրանցով քսվել, շտապում էր մեծանալ:

Քիմիաներն ավարտել էին, գնացել ճառագայթման ու հետո բժիշկները թույլ էին տվել փոքրիկին տուն բերել: Մի քանի օր մնացել էին: Լիզան աշխուժացել էր: Վերջապես սպիտակ պատերով հիվանդասենյակի փոխարեն տանն էր: Ճիշտ է, բռնում էին ձեռքից, բայց արագ էր քայլում, անընդհատ խոսում էր ու մայրիկից մեկ տիկնիկն էր ուզում, մեկ մազակալը, մեկ արջուկները: Ծնողներին էլ ստիպել էր, որ իր երկար մազերը հետ բերեին, նրանք էլ կեղծամ էին գնել: Լիզան մեկ-մեկ դնում էր ու մոռանում հիվանդության մասին:

Լիզայի եղբայրն էլ, ընդամենն ութ տարեկան, իրեն մեծ տղամարդ էր համարում: Լիզայի ետևից քայլում էր, ուշադիր հետևում: Երբ հարցնում ես քանի տարեկան ես, ասում է՝ ինը: Էդպես ավելի մեծ է զգում: Բուժման ընթացքում եղբայրը տանն էր ու անընդհատ գումար էր հավաքում, որ Լիզային խաղալիք գնի: Հազար դրամ էր հավաքել ու բժշկական խաղալիք էր գնել:

Հետո կրկին Մոսկվա գնացին, մի քանի քիմիա ստացան ու բժիշկները երկու շաբաթ ընդմիջում տվեցին: Լիզան շատ ուրախ էր: Նորից տուն է գալու: Գյուղում հարազատներն էին սպասում, համեղ ուտեստներ էին պատրաստել: Լիզան ժպտում էր, բայց ուտել չէր կարողանում: Նստում էր սեղանի շուրջ ու երբ ասում էին ինչ կուտես, ասում էր այն ինչ-որ չկար սեղանին: Հարազատներն ուրախանում էին, շտապում այն պատրաստելու. Լիզան է ուզել:

Հունիսն էր նորից Մոսկվա գնացին: Օդանավակայանում վայրէջքից հետո Լիզան վատացավ: Այս անգամ արդեն Մոսկվայի բժիշկները հույս չէին տալիս: Մետաստազները կրկին տարածվել էին: Մի ամսից ավելի հիվանդանոցում պառկեց: Ասել էին, որ միջերկրական մրգերն օգնում են, հայրը գտել բերել էր, Մոսկվայից հազարավոր կիլոմետրեր հեռո ապրող բուսաբույժի մասին էին լսել, հայրը գնացել էր ու ինչ-որ խոտեր բերել: Հավատում էին, անսահման հավատում:

Հուլիսի վերջն էր: Բժիշկներն ասացին՝ երեխային տուն տարեք: Լիզան արդեն շատ թույլ էր, չէր կարողանում խոսել, ուտել, քայլել, բայց հետաքրքրասիրությունը չէր կորել: Ամեն ինչ ուզում էր իմանալ, լսել:

Երկու օր տանը մնաց: Հետո տեղափոխեցին վերակենդանացման բաժին: Վերջին օրերին մորֆի էին սրսկում ու համարյա միշտ քնած էր: Երբ արթնանում էր մայրիկին էր կանչում, իսկ նա միշտ կողքին էր՝ կծկված, մի բուռ դարձած:

Օգոստոսի վեցի կեսօրին Լիզան դադարեց պայքարելուց ու հեռացավ:

One thought on “Լիզա

Leave a comment